Նաղդալյանի տարեկան եկամուտները գերազանցել են 220 միլիոն դրամը
SOCIETYԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր եւ ամուսնու հայտարարագրերից տեղեկանում ենք, որ այս ընտանիքը բնավ չոր ու ցամաք սեղանի շուրջ չէ ընթրում։ Վերջինիս փոխառությունների գումարը 178 միլիոն 935 հազար 400 դրամ է։
Ըստ հայտարարագրի՝ Հերմինե Նաղդալյանի դրամական միջոցները կազմում են հինգ հազար ԱՄՆ դոլար եւ 32 միլիոն դրամ։ Նախորդ տարվա ընթացքում նա ստացել է ութ միլիոն 667 հազար 990 դրամ աշխատավարձ, իսկ շահաբաժինն էլ կազմել է 38 միլիոն 528 հազար դրամ։
Պաշտոնյա կնոջից հետ չի մնում ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, ով հայտարարագրել է տասը միլիոն դրամ եւ յոթ միլիոն 500 հազար դրամ բաժնեմաս։ Նաղդալյանի ամուսինը նախորդ տարվա սկզբին տոկոսով 34 միլիոն 200 հազար դրամ է տվել, բացի այդ նրան վերադարձրել են ինը միլիոն 160 հազար դրամ, եւ տարեվերջին նրա փոխառությունները կազմել են 43 միլիոն 360 հազար դրամ։
Վերջինս որպես եկամուտ է նշել 40 միլիոն 94 հազար 442 դրամ շահաբաժինը, չորս միլիոն 125 հազար 243 դրամ տարեկան աշխատավարձը եւ 42 միլիոն դրամ ստացված փոխառությունները։
Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը օրեր առաջ ԱԺ-ում լուրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանն, ասել էր, թե մեր փոխզիջումը ոչ թե հինգ գրավյալ տարածքներն են, այլ Մադրիդյան սկզբունքների ամբողջական համալիրը։ «Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ կլինի հանրաքվե, կընդունվի կարգավիճակի մասին որոշում, աշխարհը կընդունի ԼՂ անկախությունը, մենք էն հողերը, որոնց վրա այդ իրավունքը չունենք, մենք էդ հողերը չենք ուզում»,- հայտնել էր ԱԺ փոխխոսնակը։
Այս խոսքերը մեծ վրդովմունք են առաջացրել հանրության շրջանում, եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս օրերին բազմաթիվ օգտատերեր պահանջում են նրա հրաժարականը: Վերջիններս իրենց էջում Նաղդալյանի՝ «Ես դեմ եմ, որ ադրբեջանական կայքերի հերոսը դարձած Հերմինե Նաղդալյանը ներկայացնի իմ պետությունը եւ պահանջում եմ նրա հրաժարականը...» գրառմամբ լուսանկարն են տեղադրում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



