Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը հաջորդ շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից
SOCIETYՀրթիռակոծության հետևանքով բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանը շարունակում է համապատասխան բուժում ստանալ «Արևիկ» մանկական բուժմիավորում: Նշենք, որ Վարդանը երկու անգամ վիրահատվել է, ապրիլի 4-ին կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, Վարդանի առողջական վիճակը լավ է, հենակների օգնությամբ քայլում է: «Ամեն ինչ նորմալ է: Վարդանին կարող ենք արդեն տուն ուղարկել, բայց քանի որ արտաքին ֆիքսացիայի ապարատով է և դրան հարմարվելը դժվար է, դրա համար սպասում ենք ավելի լավ հարմարվի, հետո նոր միայն հիվանդանոցից դուրս գրենք»,- ասաց Մեսրոպ Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ հաջորդ շաբաթ Վարդանը տուն կգնա:
Նշենք, որ 11-ամյա Գևորգ Գրիգորյանն արդեն դուրս է գրվել: Մեսրոպ Մարգարյանի խոսքերով՝ Գևորգ իրեն լավ է զգում, չնայած դեռ հենակներով է քայլում:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը:



