Հովհաննես Մարգարյանն ՕԵԿ-ին չի վերագրում մուրաբա բաժանելու մասին Փաշինյանի մեղադրանքը
POLITICSԱզգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՕԵԿ-ին չի վերագրում մուրաբա բաժանելու մասին Փաշինյանի մեղադրանքը և վստահեցնում է, որ «Օրինաց երկիրը» երբեք ընտրակաշառք չի բաժանել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զարմանք է արտահայտել, որ ընտրություններին փող և մուրաբա բաժանող քաղաքական ուժերը այլ ուժերին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, Հովհաննես Մարգարյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ում է նկատի ունեցել, բայց վստահեցնում եմ, որ մենք երբեք ընտրակաշառք չենք բաժանել: Նախ մենք այդքան միջոց էլ երբեք չենք ունեցել, որպեսզի ընտրակաշառք բաժանենք, երկրորդն էլ՝ մենք երբեք նման նպատակ չենք ունեցել»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հասարակության շրջանում շատ են խոսակցությունները, որ ընտրություններից առաջ ՕԵԿ-ը մուրաբա է բաժանել, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մենք մուրաբա չենք բաժանել: Երբ ես ասացի, որ մենք երբեք ընտրակաշառք չենք բաժանել, ես նկատի չունեի միայն փողը: Մենք ոչինչ որպես ընտրակաշառք չենք բաժանել»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ չի՞ պատրաստվում արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Հովհաննես Մարգարյանն ընդգծեց, որ արձագանքելու բան չկա, քանի որ դա իրենց չի վերաբերել: «Երբ որ մեզ վերաբերող հայտարարություններ են լինում, մենք դրանց տեղում արձագանքում ենք» ,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարյանը:



