Պետք չէ քվեարկել ատամի պրոթեզի, տուկի թելի, օրը երկու հատ լավաշի համար. Նիկոլ Փաշինյան
POLITICSԻնչպես հայտնում է Past.am-ը, Ազգային ժողովում շարունակվում են Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե քսան տարի եղել են կեղծված ընտրություններ, ԱԺ ամբիոնից նշեց հետևյալը. «Ընտրակեղծարարների երկարամյա ժամապահը, որ երկար-երկար տարիներ զբաղված է եղել կեղծիքների հետքերը միջազգային հարթակներում մաքրելով, ողբ է անում 20-ամյա ընտրակեղծարարության կապակցությամբ»:
Ըստ Փաշինյանի՝ նախկին պաշտոնյաները բողոքում են կեղծիքներից, սակայն պաշտոնավարման շրջանում օգտվել են դրանից:
«Երբ փողեր լվանալու հնարավորություն ունեին, բողոք չունեին, հիմա ընտրակեղծարարության Ալեքսանդր Մատրոսով են դառնում»,- հավելեց նա: Փաշինյանի խոսքով՝ երկրին պետք է մեկ ընդդիմություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է դառնալ երկրի միակ ընդդիմությունը: «Քաղաքացուն հարկ է բացատարել, որ պետք չէ քվեարկել ատամի պրոթեզի, տուկի թելի, օրը երկու հատ լավաշի համար, այլ հանուն ավելի լավ ապագայի: Ես համաձայն եմ, որ սա միայն քաղաքացու խնդիրը չէ, գիտեմ, որ կան մարդիկ, որ գնում են, օրինակ, Ծգլի օգտին քվեարկում են, հետո՝ վազում Ազատության հրապարակ ու ընդդիմությունից պահանջում իշխանափոխություն»:
Լևոն Փանոսյան



