Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հոսեին Դեհղանի հետ
POLITICSՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 27-ին Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:
Ի հավելումն դրա, երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:



