Հայաստանի լրատվամիջոցները պատերազմական օրերին պրոֆեսիոնալ են աշխատել
SOCIETYՊատերազմական ամբողջ օրերին Հայաստանի տեղեկատվական դաշտը պրոֆեսիոնալ աշխատեց, սակայն ապրիլի 23-ին տեղեկատվական գործողությունների վրիպում նկատվեց: Այս մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ապրիլի 23-ին տեղեկատվական գործողությունների վրիպում ունեցանք: Այդ օրը սենսացիայի մոլուցքով տառապելով և արձագանքելով այն փաստին, որ ՀՀ Նախագահը գնացելէ ՊՆ, ավելորդ խուճապ ստեղծվեց: Հորդորել եմ պատերազմական օրերին մոռանալ «մեր տեղեկություններով» տերմինը »,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով` այդ օրը տեղեկատվություն տարածվեց, թե կարող է նորից պատերազմ սկսվել:
«Ավելորդ խուճապ էր, ժողովուրդն էլ նախատրամադրված էր: Իրավիճակը չի փոխվել, ընդամենը զինադադար է: Իրականում այդ օրը խախտումների ծավալների աճ, աննախադեպ բան տեղի չէր ունեցել»,-շեշտեց նա:
Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ աշխատում են Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների փաստերը միջազգային լրատվամիջոցներին ներկայացնելու ուղղությամբ` տարբեր լեզուներով:



