Նանսենի ու Բյորնի հուշարձանների մոտ հայերն ու նորվեգացիները ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
CULTURE
Նորվեգիայի մի շարք բնակավայրերում տարբեր միջոցառումներ են կայացել` հիշատակելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Ավանդույթի համաձայն` հայերն ու Հայաստանի բարեկամները Օսլոյում հավաքվել են նորվեգ մարդասեր և հայերի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի գերեզմանի մոտ` հարգանքի տուրք մատուցելու նրան և ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նորվեգիայի հայ մշակութային ասոցիացիայից, Նանսենի գերեզմանը դարձել է առանձնահատուկ ուխտավայր` հիշելու ցեղասպանության զոհերին: Մեծ մարդասերի գերեզմանին ծաղիկներ են դրվել, որից հետո ելույթ է ունեցել Հայաստանի բարեկամ Սվեն Էրիկ Ռայզը: Ներկաները, որոնց մեջ են եղել նաև Նանսենի թոռնուհին ու ծոռնուհին, ունկնդրել են դուդուկի նվագը՝ Անդրանիկ Ղազարյանի կատարմամբ:
Նորվեգիայի՝ մեծությամբ երկրորդ Բերգեն քաղաքում ցեղասպանության զոհերին ու Նանսենին նվիրված խաչքարի մոտ ևս կայացել է ավանդական դարձած միջոցառում:
Երկրի հյուսիսարևմտյան քաղաքի` Կրագերոյի հայերն էլ հավաքվել են նորվեգացի միսիոներ Բոդիլ Կատարինա Բյորնի հուշարձանի մոտ, ով ականատեսն է եղել Հայոց ցեղասպանության, փրկել ու խնամել է հարյուրավոր անօթևան հայ երեխաների և կանանց։
Կրագերոն առաջինն է Նորվեգիայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:




















































