ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է Դանիայի նկատմամբ հայ ժողովրդի հատուկ վերաբերմունքի մասին
SOCIETY«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺփոխնախագահ Հերմինե Նաղդալյանըապրիլի 23-ին հանդիպել է Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի հետ և ներկայացրել ցեղասպանույունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի ջանքերը և անդրադարձել ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ նշելով. «Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ ընդգծել է այն հանգամանքը, որ այսօրվա համաժողովի աշխատանքներին մասնակցելու են եկել բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ՝ միանալով ցեղասպանությունների դեմ պայքարին:
«Մենք չենք կարծում, որ սա միայն Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքար է: Սա աշխարհումցեղասպանությունները կանխելու պայքար է»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:
Նա հավելել է, որ ցեղասպանությունները կանխելու նպատակով «Հիշում եմ եւ պահանջում» բանաձեւին անհրաժեշտ է «Այլեւս երբեք» կարգախոսի ավելացումը, ինչը ձեւակերպումն ամբողջական կդարձնի:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես հատուկ վերաբերմունք է ունեցել Դանիայի նկատմամբ. դանիացի միսիոներների շնորհիվ բազմաթիվ հայեր են փրկվել Ցեղասպանությունից:
Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ չնայած բաժին հասած փորձություններին ու ողբերգություններին՝ հայ ժողովուրդը լավատես է ապագայի հանդեպ եւ երախտապարտ է դժվարին ժամանակներում իրեն ձեռք մեկնած եղբայրական ժողովուրդներին:
Կարեւորելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին Դանիայի մասնակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր գոհունակությունն է հայտնել, որ բարեկամ պետությունը շարունակում է պայքարել ցեղասպանությունների դեմ:
Հերմինե Նաղդալյանն ընդգծել է նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության կարեւորությունը:
Հանդիպման ավարտին Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենի խնդրանքով Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը եւ անդրադարձել ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններին»:



