Ի՞նչ պատիժներն են նախատեսված ցեղասպանության հերքման համար
INTERVIEW
Քաղաքակիրթ աշխարհում արդեն վաղուց հանցագործություն է համարվում ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը: ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժատեսակների և պատժաչափերի մասին Past.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ:
Ըստ փաստաբանի` ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում hամակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու կամ արդարացնելու համար, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով:
«Նման արարքի համար դատարանը կարող է անձին պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»,- հավելեց իրավաբանը:
Լևոն Փանոսյան




















































