Տուխել. «Այժմ ամբողջությամբ կկենտրոնանանք առաջնության խաղերի վրա»
SOCIETYԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գերմանական «Բունդեսլիգա»-ի 31-րդ տուրում կայանալիք «Շտուտգարտ»-ի դեմ խաղից առաջ անդրադարձել է իր թիմում առկա խնդիրներին:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ Տուխելը չի խուսափել նաև թիմի ավագի՝ Մաթս Հյումելսի կարիերայի հետագա զարգացման մասին հարցերից:
«Ես չեմ կարող ինչ-որ նոր բան հայտնել ձեզ: Հյումելսի կարիերայի վերաբերյալ հարցերին կարող է պատասխանել միայն Հյումելսը: Մեկնաբանություններ տալը նրա իրավունքն է: Դրանում ես ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մենք շաբաթ օրը խաղ ունենք և չենք կարող շեղվել գլխավոր նպատակից»,- նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել է Տուխելը:
Խոսելով «Շտուտգարտ»-ի դեմ կայանալիք խաղի մասին՝ Տուխելը նշել է, որ Գերմանիայի գավաթի եզրափակիչում հայտնվելուց հետո լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն չկա ցրվածություն. «Մենք ուզում են մրցակցային ոգին պահպանել և խաղալ հաղթանակի համար: Ես ակնկալում եմ, որ թիմն այժմ ամբողջությամբ կկենտրոնանա առաջնության խաղերին: Մեր մրցակիցն ամենևին էլ վատ թիմ չէ: «Շտուտգարտ»-ի պոնտենցիալը և զբաղեցրած տեղը մրցաշարային աղյուսակում շատ հեռու են իրարից: Դա գիտակցելով՝ պետք է շաբաթ օրն ավելի կտրուկ խաղանք: Կենտրոնացված է պետք լինել այնպես, ինչպես Գերմանիայի գավաթի կիսաեզրափաչկում էինք»:
Գերմանական «Բունդեսլիգա»-ի 31-րդ տուրում կայանալիք «Շտուտգարտ» - «Բորուսիա» խաղը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ Երևանի ժամանակով 17:30-ին:



