Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով. չեխ պատգամավորներ
SOCIETYՉեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը և Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկն այցելեցին Եռաբլուր պանթեոն: Ապրիլի 22-ին պատգամավորները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և այլ հայ պատգամավորների ուղեկցությամբ հարգեցին ապրիլին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինվորականների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:
«Մենք վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով` Մինսկի խմբի շրջանակներում: Ռազմական լուծումը ճիշտ չէ: Մենք ցավում ենք դեպքերի հետևանքով զոհերի համար»,-լրագրողների հետ զրույցում նշեց Զդենեկ Շկրոմախը:
Յան Բարտոշեկը նույնպես ընդգծեց, որ ըստ Չեխիայի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է անպայման լուծել խաղաղ եղանակով: «Չեխիայի Հանրապետությունը միշտ դեմ է որևէ ագրեսիայի»,-շեշտեց նա` հավելելով, որ միջազգային կազմակերպությունները պետք է դիտարկեն միջազգային համաձայնությունների խախտման դեպքերը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տեսե՞լ են արդյոք այն բարբարոսությունները, որոնք կատարել են ադրբեջանցիները հայ զինվորականների և խաղաղ բնակչության հետ, Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահը պատասխանեց.
«Այն, ինչ մենք տեսել ենք նկարներում, շատ նման է այն գործողություններին, որոնք տեղի են ունենում Իսլամական պետության շրջանակում: Նման գազանությունները պետք է դատապարտել»:



