Ֆրանսիայից Հայաստան թմրանյութ է տեղափոխել
SOCIETYԱրարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ քաղաքացու կողմից արտասահամանից Հայաստան մաքսանենգությամբ թմրամիջոց տեղափոխելու փաստի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Էմմա Մոսեսին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախ 2010թ-ին Փարիզ-Երևան չվերթով ժամանելով Զվարթնոց օդանավակայան՝ մաքսային հսկողությունից թաքցնելով` ձեռքի պայուսակում, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար տեղափոխել է կոդեին տեսակի թմրամիջոց եւ տրամադոլ տեսակի հոգեմետ նյութ պարունակող դեղահատեր: Մի քանի տարի անց էլ՝ 2014թ-ին իր բնակության վայրում Ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է խոշոր չափերով` 3.75 գրամ քաշով կոդեին տեսակի թմրամիջոց պարունակող գործարանային արտադրության դաֆալգան տեսակի եւ 0,75 գրամ քաշով տրամադոլ տեսակի հոգեմետ նյութ պարունակող գործարանային արտադրության դեղահաբերը:
Էմմա Մոսեսին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի երկրորդ մասով եւ 268-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով: Սրանցից առաջինը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Իսկ երկրորդը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:
Վերջինս չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



