Այրվածքաբանության կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
SOCIETYԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Ստացած այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը: Այսօր նախատեսվում է իրականացնել վերականգնողական մեկ վիրահատություն: Կարծում եմ, որ հետագայում ևս նրանց վերակագնողական բուժում է սպասվում, բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,- նշեց նախարարը:
Հարցին, թե քանի զինծառայող կա, որ արտերկրում բուժումը շարունակելու կարիք ունի, Արմեն Մուրադյանն ասաց, որ այս պահին նման գնահատականներ չեն կարող լինել, քանի որ դեռ սուր շրջանն է, և ամեն հնարավորն իրականացվում է Հայաստանում: Եթե հետագայում վերականգնողական բուժման անհրաժեշտություն կլինի, այդ հարցը առանձին կքննարկվի, բայց ոչ այս փուլում:
Մուրադյանի հավաստմամբ՝ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են վիրավորվածների բուժօգնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները: Զինծառայողների բուժման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է կառավարությունը:



