Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին նշում Է 90-ամյա հոբելյանը
SOCIETYՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ապրիլի 21-ին նշում Է իր 90-ամյա հոբելյանը: Մեծ Բրիտանիայում համարվում Է, որ թագուհին հենց «նշում Է», այլ ոչ թե «տոնում», քանի որ ներկայիս միապետի հերթական ծննդյան օրվա առթիվ պաշտոնական հանդիսություններն ավանդաբար անցկացվում են հունիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրվա ծրագրում մի իրադարձություն առանձնահատուկ կլինի Եղիսաբեթ Բ-ի համար. իր 94-ամյա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հետ նա կբացի նոր հետիոտն երթուղին Վինձորի զբոսայգում՝ 6,3 կիլոմետր երկարությամբ «Թագուհու արահետը», որն անցնելով՝ կարելի կլինի տեղեկատվություն ստանալ 63 նշանակալից իրադարձությունների մասին թագի գլխավորի կյանքից:
Այդ թիվը պատահական չի ընտրված. թեեւ նա փաստացի իշխանության գլուխ Է կանգնած արդեն 64 տարի եւ 74 օր՝ 1952 թվականի փետրվարի 6-ից, սակայն պաշտոնական թագադրության պահից՝ նույն թվականի հունիսի 2-ից, առայժմ անցել Է միայն 63 լրիվ տարի:
Մյուս իրադարձությունների թվում են թեյախմությունը հասակակից բրիտանացիների հետ, որոնց 90 տարին նույնպես լրանում Է ապրիլի 21-ին, Վինձորի դղյակի զբոսայգում տոնական լույսեր վառելու արարողությունը եւ ընտանեկան ընթրիքը հենց դղյակում:
Երեկոյան թագուհու ծննդյան օրը նաեւ կնշվի ամբողջ երկրում տոնական հրավառություններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



