Ինչու՞ է մեր տրամադրությունը փոխվում վիրուսային վարակների պատճառով
LIFEԵրբ հիվանդանում ենք, մեր տրամադրությունը փչանում է. թուլություն, մկանային ցավեր, հազ, ջերմություն. ի՞նչ կա ուրախանալու: Սակայն իրականում վիրուսային վարակների ժամանակ մեր տրամադրության վատացման պատճառը վատ ինքնազգացողությունը չէ. Ֆրիբուրգի համալսարանի գիտնականները (Գերմանիա) փորձել են պարզել, թե ինչպես եւ ինչու են վիրուսային վարակներն ազդում մեր տրամադրության վրա:
Գիտնականների խոսքով, վիրուսային վարակով վարակված մարդու մոտ ոչ միայն տրամադրության վատացում է դիտարկվում, այլեւ մտածողական փոփոխություններ, քնատություն, գլխացավ, դեպրեսիվ պահվածք: Նյարդայնությանը, անքնությանը եւ մտածողական փոփոխություններին նպաստում է նաեւ օրգանիզմի պատասխանը վիրուսային վարակին` հակավիրուսային մոլեկուլների` Ի-ինտերֆերոնների ի հայտ գալը: Իմիջիայլոց, նման կողմնակի հետեւանքներ են ի հայտ գալիս նաեւ քաղցկեղի եւ հեպատիտ С-ի բուժման ընթացքում ինտերֆերոնների օգտագործման դեպքում:
Այս հարցն ավելի լավ հասկանալու համար Թոմաս Բլանկն ու իր գործընկերները մկներին վարակել են այնպիսի վիրուսով, որը գրիպային ախտանիշներ է առաջ բերում: Մկներն ավելի թոշնած եւ ոչ շարժունակ են դարձել: Համոզվելով, որ այս հակազդեցությունը հենց վիրուսի հետեւանքն է, գիտնականները փորձել են դրա պատճառները պարզել:
Գիտնականների կարծիքով, ուղեղի սալարկող արյունատար անոթները մշտական կապի մեջ են իմունային համակարգի եւ կենտրոնական նյարդային համակարգի հետ, հանդես գալով ուղեղին հասնող ազդանշանների յուրօրինակ փոխանցողների դերում: Երբ օրգանիզմում վիրուսային վարակ է հայտնվում, աճում է Ի-ինտերֆերոնների թիվը, ինչը բջիջներին ստիպում է CXCL10 սպիտակուցներ արտադրել, որոնք իրենց հերթին դանդաղեցնում են հիպպոկամպի նեյրոնային աշխատանքը` ուղեղի հատվածի, որը պատասխանատու է ուսումնառության, հիշողության եւ տրամադրության համար:
Գիտնականների խոսքով, այդ մեխանիզմի ընկալումը կարող է օգնել ինտերֆերոնների նոր տարատեսակներ մշակել, որոնք ավելի քիչ կողմնակի հետեւանքներ են առաջացնում:



