Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի անդամները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
SOCIETYՖրանսիան միշտ Հայաստանի կողքին է` չնայած այն փաստին, որ երկու երկրներին բազմաթիվ կիլոմետրեր են բաժանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցից հետո նշեց Ռոմանի կոնսերվատորիայի տնօրեն Մարի ՕրտանսԼակրուան:
«Ֆրանսիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայ-ֆրանսիական բարեկամությունը շատ խոր արմատներ և կարևոր նշանակություն ունի: Մեզ կիլոմետրեր են բաժանում, բայց կարևոր է, որ դուք իմանաք, որ Ֆրանսիան միշտ ձեր կողքին է»,-նշեց նա:
Մարի Օրտանս Լակրուայի և Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի ուղեկցությամբ հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի անդամներն ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը, շրջեցին թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայաստանի պատմությանը: Պատանի երաժիշտներից շատերը չկարողացան զսպել արցունքները` Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցից հետո:
«Շատ կարևոր է, որ մեր երեխաները իմանան պատմությունը: Մենք արդեն հասցրել ենք այցելել Մատենադարան: Աշակերտները շատ տպավորված էին Մատենադարանի հարստությամբ և բազմազանությամբ»,-շեշտեց Ռոմանի կոնսերվատորիայի տնօրենը:
Հայաստանում ապրիլի 14-24-ն անցկացվում են Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները: Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Ռոմանի կոնսերվատորիայի 95 սաներից բաղկացած նվագախմբի երաժիշտները 10-15 տարեկան պատանիներ են: Նվագախումբը երեք համերգ էր ծրագրել Հայաստանում. երկուսն արդեն իսկ անցկացվել են մարզերում: Վերջինը տեղի կունենա Երևանում ապրիլի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորներիստեղծագործություններ:



