Թուրքիան Sputnik-ի թուրքական ծառայության ղեկավարին թույլ չի տվել մուտք գործել երկիր
SOCIETYԹուրքիան Sputnik լրատվական գործակալության թուրքական ծառայության ղեկավար Թուրալ Քերիմովին Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում թույլ չի տվել մուտք գործել իր տարածք:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ինքը` Թուրալ Քերիմովը` նշելով, որ թուրքական իշխանություններն իրենից խլել են նաեւ իր հավատարմագրերը:
«Սահմանանային վերահսկողությունում առանց բացատրության ինձնից վերցրեցին անձնագիրս: Հետո ինձ թուղթ տվեցին, որի վրա գրված էր, որ իմ մուտքը Թուրքիա արգելվում է: Թղթում որեւէ բացատրություն չկար: Ինձնից առգրավեցին նաեւ այցեքարտս ու կեցության իրավունքս, հետո առաջարկեցին առաջին իսկ չվերթով վերադառնալ Ռուսաստան», -ասել է Թուրալ Քերիմովը:
Ռուսաստանյան Sputnik գործակալության կայքն անցյալ շաբաթ արգելափակվել էր Թուրքիայում: Թուրքական ԶԼՄ-ներն այդ առնչությամբ հայտնել էին, որ Անկարայի Գյոլբաշը շրջանի դատարանը հաստատել է երկրի տարածքում մի շարք կայքեր արգելափակելու վերաբերյալ Թուրքիայի հեռահաղորդակցության եւ կապի վարչության որոշումը:



