Առաջնագծում ծառայողները Գեղարքունիքի մարզի 10 համայնքներից ստացան հերթական օգնությունը
SOCIETYԳեղարքունիքի մարզի համայնքները շարունակում են օգնություն տրամադրել առաջնագծում ծառայող մեր հայրենակիցներին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այսօր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ծովագյուղ, Ձորագյուղ, Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Լիճք, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ, Գանձակ եւ Սարուխան համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ եւ համայնքապետարանների միջոցներով առաջնագծի զինծառայողներին ուղարկվող օգնության կազմակերպման եւ տեղափոխման հետ կապված հարցեր:
«Հերթական անգամ համայնքապետարաններն առաջնագիծ կուղարկեն առաջին անհրաժեշտության պարագաներ, իսկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ այսօր սահմանապահ դիքեր կուղարկվի ռետինե կոշիկների եւ գուլպաների առաջին խմբաքանակը: Միանալով մարզի ղեկավարի նախաձեռնությանը՝ նույն պարագաների հաջորդ խմբաքանակը առաջնագիծ կուղարկվի «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամի» կողմից»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանը:
Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւս մեկ անգամ համայնքների ղեկավարներին հորդորել է՝ ուշադրության կենտրոնում պահել եւ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` առաջնագծում զոհված եւ վիրավորված զինծառայողների եւ կամավորների ընտանիքներին` գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման եւ այլ բնույթի հարցերում:Այսօր կեսօրին առաջնագիծ ուղեւորվեցին առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնված ավտոմեքենաները Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Ձորագյուղ, Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Լիճք, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ, Գանձակ եւ Սարուխան համայնքներից:



