Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդատվություններ անցկացրին
POLITICSԵրևանում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև ապրիլի 18-ին կայացան քաղաքական խորհրդատվություններ` երկկողմ օրակարգի, ինչպես նաև եվրասիական տարածքի ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարար ության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ ղազախական կողմից` ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևը:
Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարաբերությունների զարգացման ներկա ընթացքն ու հեռանկարները: Այդ համատեքստում շեշտվեց արտաքին գերատեսչությունների համագործակցության կարևորությունը երկկողմ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային կառույցներում փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ` ներառյալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում գործնական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերը: Ընդգծվեց կառուցողական արտաքին քաղաքական փոխգործակցության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը` ի շահ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացման, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման:
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև փոխգործակցութ յան առաջխաղացման հարցում:
Կայացած խորհրդատվությունների արդյունքները պատվիրակության ղեկավարները ներկայացրին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
ՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 19-ին Երևանում նախատեսվող ՀԱՊԿ անդամ-երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների ձևաչափով խորհրդատվություններին:



