Թուրքիան դառնում է ահաբեկչական գործողությունների հանգույց. ՀՀ ԱԺ փոխնախագահ
POLITICSԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է Եվրոպայի առջև ծառացած հիմնական խնդրին` միգրացիոն ճգնաժամին:
Նաղդալյանը շեշտել է, որ միլիոնավոր միգրանտներ, ովքեր փախչում են հետապնդումներից, ապահովություն են փնտրում այլ երկրներում, իսկ ՄԱԿ-ի տվյալներով`միգրանտների թիվը ներկայում ամենամեծն է երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
«Անցած ամիս ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել, որի համաձայն Թուրքիան պետք է ստանա մոտավորապես 6 մլրդ եվրո` փոխհատուցելու համար միգրանտների ներհոսքի հետ կապված ծախսերը: Այս համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի գրեթե ակնհայտ շանտաժի պայմաններում»,- շեշտել է հայկական պատվիրակության ղեկավարը:
Նաղդալյանն ընդգծել է, որ Թուրքիան միլիարդավոր եվրո գումարներ է ստանում կանխելու համար միգրանտների ներհոսքը, որը մասամբ ծագել է Իսլամական պետության գործողությունների հետևանքով, որն էլ իր հերթին, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, աջակցություն է ստանում Թուրքիայից` ահաբեկչական խմբավորումից ցածր գներով նավթ է գնելով: Նա նաև վկայակոչել է տեղեկություններ այն մասին, որ բազմաթիվ անձինք միացել են Սիրիայում և Իրաքում գործող Իսլամական պետությանը Թուրքիայի միջոցով անցնելով այդ երկրներ` Թուրքիան դարձնելով ահաբեկչական գործողությունների հանգույց:



