Ճապոնիայում երկրաշարժից հետո 105 հազար բնակիչներ են տարհանվել
SOCIETYՃապոնիայի հարավ-արեւմուտքի՝ մի շարք ուժգին երկրաշարժերից տուժած Կումամոտո պրեֆեկտուրայի տարհանված բնակիչների թիվը ապրիլի 18-ին հասել է 104 հազար 900-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի օդերեւութաբանական գործակալությանը:
NHK հեռուստաալիքի տվյալներով՝ պրեֆեկտուրայում առանց էլեկտրականության է մնում 34,5 հազար տուն ու բնակարան: Օիտայի պրեֆեկտուրայում առանց լույսի է մնացել 6,4 հազար տուն:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ճապոնիայի հարավ-արեւմուտքում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1094-ի, որոնցից 1037-ն ապրում է Կումամոտո պրեֆեկտուրայում:
Ըստ Ռիխտերի սանդղակի մինչեւ 7,3 մագնիտուդով երկրաշարժերի մի ամբողջ շարք Կյուսյու կղզին պատուհասել է ապրիլի 14-ի երեկոյից՝ հանգեցնելով շենքերի ու կամուրջների համատարած փլուզումների, սողանքների եւ ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների վնասվածքների: Ընդամենը գրանցվել է շուրջ 500 ստորգետնյա ցնցում:
Միայն Կումամոտոյում ամբողջովին ավերվել է շուրջ 400 շենք, մասնակիորեն վնասվել է 1262 շինություն: Զոհվածների թիվն անցնում է 40-ից:
Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայում երկրաշարժերը մինչ այժմ շարունակվում են 3-4 մագնիտուդի սահմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



