«Եվրատեսիլ 2016». Ովքե՞ր են լինելու Իվետա Մուկուչյանի բեք-վոկալները
PHOTO
«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը մրցութային LoveWave երգը կներկայացնի 5 բեք-վոկալների հետ: Եվրատեսիլյան բեմում մայիսի 10-ին եւ 14-ին Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ կունենան երգչուհիներ Մաշա Մնջոյանը, Քրիստինա Մանգասարյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Սոնա Գյուլխասյանը եւ LoveWave երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը, ովքեր միասին կստեղծեն երգչախմբի տպավորություն:
«Մեծ դժվարությամբ հավաքել ենք այս 5 աղջիկներին, ովքեր օժտված են շատ լավ ձայնային տվյալներով՝ հարուստ ձայնով, ճիշտ տեմբրով: Իսկ իմ հայտնվելն այս երգում պայմանավորված էր այն հանգամանքով, որ երգի նախնական տարբերակը իմ ձայնով էր արված եւ բոլորիս ականջում նստած էր այդ տարբերակը»,- նշել է Լիլիթ Նավասարդյանը:
Մաշա Մնջոյանը միանգամից հավանել է LoveWave երգը, քանի որ այն իր կառուցվածքով եւ հնչողությամբ ստանդարտ չէ, նման չէ այլ երկրների կողմից ներկայացվող երգերին: «Ինչ վերաբերում է իմ ստացած զգացողություններին, ապա երաժշտական առումով պայքար եմ պատկերացնում... բարձունք, իսկ այդ բարձունքին ձգտում ենք բոլորս»,- նշել է երգչուհին:
«Հեռու-հեռու, իրականությունից կտրված կամ մաքսիմալ մոտ գտնվող աշխարհ է տանում այս երգը, որն իր ձեւով եւ ոճով միանշանակ տարբերվում է այլ երգերից: Այն վստահաբար կգնահատվի ե՛ւ եվրատեսիլյան ժյուրիի, ե՛ւ հեռուստադիտողների կողմից»,-համոզված է Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
Քրիստինա Մանգասարյանը երգն առաջին անգամ լսելիս ազատության եւ մեծ բաց տարածության տպավորություն է ստացել: «Տիեզերքը մոտ եւ հեռու էր միաժամանակ, աննկարագրելի զգացողություն էր: Հույս ունեմ, որ երգը իսկապես հաջողություն կունենա մրցույթի շրջանակներում, համենայն դեպս մենք ամեն ինչ անում ենք դրա համար»:
Իսկ Սոնա Գյուլխասյանը յուրաքանչյուր անգամ երգը կատարելիս նոր զգացողություններ եւ էմոցիաներ է հայտնաբերում իր համար: «Երգն իսկապես մեծ էներգետիկա ունի իր մեջ, որը եվրատեսիլյան բեմից առավելագույն կերպով կփորձենք փոխանցել: Իսկ մեր էներգիան որեւէ մեկին չի շրջանցի»,- նշել է նա:
«Եվրատեսիլ 2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին` Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակչի ընթացքում` 7-րդ համարի ներքո:
Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































