Միջադեպեր՝ Հրազդանի 25/15 տեղամասում
POLITICSAysor.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, այսօր Հրազդանում քաղաքապետի ընտություններն են: Ինչպես Հրազդանից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, մինչև 10.30-ը միջադեպեր չեն գրանցվել: Դրանից հետո, սակայն, 25/15 տեղամասում տեղի ունեցավ մի միջադեպ, որը հարուցեց գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձանց դժգոհությունը:
Բանն այն է, որ ընտրության էր եկել 80-ամյա մի կին, ով չէր կարողանում բարձրանալ տեղամաս: Կնոջն օգնելու նպատակով քվեաթերթիկը մոտեցրեցին նրան ու նա ընտրական պարտքը կատարեց ընտրատեղամասի դիմաց՝ մեքենայում.
«Այո, նման բան եղել է, այն սկզբում դժգություն հարուցեց, բայց ես կարողացա ապացուցեկ վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին, որ ամեն բան կարգին է»,- Aysor.am-ին ասաց 25/15 հանձնաժողովի նախագահ Նորիկ Բարեղամյանը:
Նա նշեց, որ քվեաթրիթիկը տեղամասից հանելիս տեղյակ են պահվել դիտորդները, լրագրողները, բոլորը. «Այդ ամբողջ գործընթացը նկարահանվել է»:
Այս տեղամասում Սասուն Միքայելյանի վստահված անձ Արմեն Առաքելյանը նշեց, որ միջադեպի հետ կապված ոչ մի դժգություն չունի: Ընտրատեղամասում Արամ Դանիելյանի վստահված անձ Արթուր Կարապետյանը ասաց, որ դժգոհություններ ուներ, սակայն միջադեպը հարթվեց: Վերջինիս հետ զրույցն ընդհատեց «Հայք» կազմակերպության դիտորդ Լիլիթ Աթոյանը, ով նշեց, որ ինքը բազմաթիվ միջադեպերի ականատես է եղել.
«Եղել են միջադեպեր, շատ են եղել. Ինչո՞ւ չեք ասում, որ Սասուն Միքայելյանի վստահված անձը պարբերաբար հայտարարում է, որ ծերեր են գալիս, ում օգնել է պետք ու օգնողներն էլ հատուկ մարդիկ են, որ սպասում են դրսում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բազմիցս հորդորել է նրան դադարեցնել նման պահվածքը:
Նշենք, որ այս պահին Հրազդանում ընտրողները ակտիվ մասնակցում է քվեարկությանը:



