Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացվել են In Tour Expo 2016 միջազգային ցուցահանդեսին
SOCIETYԱպրիլի 15-ին մեկնարկել է «In Tour Expo 2016» 3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տևելու է մինչև ապրիլի 17-ը:
ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվող ցուցահանդեսի նպատակն է նպաստել տուրիզմի զարգացմանը, խթանել ներգնա տուրիզմը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսին ներկայացված է նաև ՀՀ բնապահպանության նախարարության Էկոտուրիզմի զարգացման բաժինը, որի նպատակն է խթանել էկոզբոսաշրջությունը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում: Բացման արարողության ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է. «ՀՀ տարածքի շուրջ 13%-ը բնության հատուկ պահպանվող տարածքներ են՝ ազգային պարկեր, արգելոցներ և արգ ելավայրեր, որոնք ներկայացնում են մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը և շատ գրավիչ են էկոզբոսաշրջության և վայրի բնության սիրահարների համար: Մեր ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է ներգնա տուրիզմի և տնտեսության զարգացման, տուրիստական նոր հոսքերի ներգրավման հիանալի նախապայման դառնալ Հայաստանի և Արցախի համար»:
Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս բացահայտելու տուրիստական ծառայությունների ամբողջ ոլորտը` շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղոում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումեր, հյուրանոցների ամրագրում և այլն: Ցուցահանդեսին ներկայացված են զբոսաշրջության ոլորտի տասնյակ առաջատար կազմակերպություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իսպանիայից, Եգիպտոսից, Իսրայելից, Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից:



