Զինվորների գործը շարունակենք խաղաղ կյանքում՝ հայրենի երկրի համար ստեղծելով ավելին, քան երբեւէ. «Ծիրանի» անսամբլի հիմնադիր
INTERVIEW
«Նարեկացի» արվեստի միությունում կայացավ հայ ավանդական երաժշտությամբ հանդես եկող «Ծիրանի» անսամբլի համերգը: Սա մայիսին ԱՄՆ-ում կայանալիք շրջագայությունից առաջ ստուգողական համերգներից էր:
Համերգն սկսվեց Արցախում զոհված զինվորների հիշատակի լռության րոպեով: «Ծիրանի» անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանը հանդիսատեսին հորդորեց զինվորների գործը շարունակել խաղաղ կյանքում՝ հայրենի երկրի համար ստեղծելով ավելին, քան երբեւէ:
Ծրագրում հայկական շարականներ էին Կոմիտասի եւ Սայաթ Նովայի երգերից: Համերգի վերջին ակորդը նույնպես հայրենասիրական էր. անսամբլը կատարեց «Ձայն մը հնչեց» ազգագրական երգը: Համերգը հանդիսատեսի կողմից այնքան ջերմ ընդունվեց, որ ներկաները վերջում պահանջեցին կրկին նվագել արդեն հնչած մի քանի կատարում: «Ծիրանի» անսամբլը ստեղծվել է 2012թ.: Անսամբլի անվանումը ծագում է ծիրանենի բառից, որը խմբի համար խորհրդանիշ է դարձել:
Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ էր, եւ դուդուկը հանդես էր գալիս որպես մենակատար-գերիշխող գործիք: «Ծիրանի ու ծիրանափող՝ արդեն անունն իսկ խոսում է երաժշտության մասին»,- նշեց անսամբլի գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանը: Վերջինս պատմում է, որ անսամբլի ստեղծման համար խթան է հանդիսացել մի հյուրախաղի հրավեր (խմբ.՝ որը, սակայն, այդպես էլ տեղի չէր ունեցել) ու նաեւ այլեւս ոչ միայնակ հանդես գալու մղումը: Խմբի հիմնադիրը նաեւ նշեց, որ այս համերգի ծրագիրը պատրաստել էր կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը, ում հետ համագործակցում է արդեն տասը տարի: Բացի այդ՝ մի քանի երգ էլ ինքն է մշակել՝ հիմնվելով Կոմիտասի ժառանգության վրա: Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ է եղել՝ դուդուկ, շվի, թառ, ուդ, դհոլ գործիքների կազմով, որտեղ դուդուկը հանդես է եկել որպես մենակատար-գերիշխող գործիք: Իսկ 2014-ին խումբը համալրվել է երգիչներով: Այժմ խումբն ունի հետեւյալ կազմը՝ Արտակ Ասատրյան՝ սոլո դուդուկ, Գեորգի Մինասյան՝ դուդուկ, շվի, Դավիթ Ավագյան՝ թառ, Մարիամ Միրզոյան՝ ուդ, Գոռ Ղալմուխյան՝ հարվածային, Սեյրան Ավագյան՝ բարիտոն, Էկա Հորստկա՝ սոպրանո:
Ինչպես նշում է անսամբլի հիմնադիրը, Հայաստանից բացի, իրենք ելույթ են ունեցել նաեւ Ռուսաստանում: Ըստ երիտասարդ երաժշտի՝ սա առաջին հերթին ինքնաարտահայտման միջոց է՝ կիսվելու եւ հասկացված լինելու երջանիկ մոլուցք: «Բայց, միեւնույն ժամանակ, այս աշխատանքը պետք է ռեալիզացնել նաեւ կոմերցիոն դաշտում»,- հավելել է նա:
Մեր այն հարցին, թե գուսանական, աշուղական երաժշտության կատարումը որքանո՞վ է ընկալվում երիտասարդ հանդիսատեսի կողմից, Արտակը պատասխանեց, որ ընկալվում է լիարժեք: «Երբ երաժշտությունը մատուցվում է ճիշտ, բնական ու գեղեցիկ, այն կլսեն բոլորը: «Ծիրանի» անսամբլի եւ իմ՝ որպես խմբի գեղարվեստական ղեկավարի, կարեւորագույն խնդիրն է մատուցել մեր հոգեւոր, միջնադարյան ժողովրդական եւ գուսանական ու աշուղական երաժշտությունը այնպես, որ հասկանալի լինի բոլորին՝ թե՛ երեք տարեկան մանուկին, թե՛ տարեց հանդիսատեսին, թե՛ խստապահանջ երաժշտին եւ թե՛ այլ ոլորտում աշխատող ունկնդրին»,- նշել է անսամբլի հիմնադիրը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































