Փաշինյանը պատմել է, թե բացի փողից՝ էլ ինչ է բաժանում ընտրողներին ՀՀԿ-ական թեկնածուն (տեսանյութ)
INTERVIEW
Հրազդան քաղաքում կիրակի օրը՝ ապրիլի 17-ին, քաղաքապետի ընտրություններ են: Այսօր քաղաքապետի երեք թեկնածուներից մեկի՝ Սասուն Միքայելյանի կենտրոնական ընտրական շտաբում հրավիրված ամփոփիչ ասուլիսի ընթացքում շտաբի պետ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հրազդանում լրագրողների հետ զրույցում խոսեց հաջող քարոզարշավի մասին: Ըստ նրա՝ այս պահին միակ գործոնը, որ սպառնում է մթագնել ամբողջ պրոցեսը, ընտրակաշառքի վերաբերյալ տվյալներն են, հրապարակած ահազանգերը և դրանց վերաբերյալ ոստիկանության ոչ պատշաճ, ոչ օրինական վերաբերմունքը:
Շտաբի պետի խոսքով՝ հրազդանցիների հետ շփումներն ու հանդիպումները ցույց են տալիս, որ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վերընտրվելու միակ հնարավորությունը ընտրկաշառք բաժանելն է. «Բացի գումարից՝ ուրիշ գործոն չկա, որը Հրազդանի քաղաքապետին օգնի վերընտրվել այդ պաշտոնում: Նույնիսկ վարչական լծակները չեն օգնի. այն լծակները, որոնք գործադրվում են, աշխատում են ի վնաս Հրազդանի քաղաքապետի թեկնածուի: Այսօր էլ ահազանգեր ունենք՝ դպրոցների աշխատակիցներին ստիպողաբար փորձում են ներգրավել Արամ Դանիելյանին ընտրելու գործընթացին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով Past.am-ի հարցին, թե որքան ընտրակաշառք է բաժանվում, Փաշինյանը նկատեց, որ այս պահին խոսքը 10 000 դրամի մասին է. «Չի բացառվում, սակայն, որ «խաղադրույքները» կբարձրանան` հաշվի առնելով, որ Արամ Դանիելյանի թիմակիցները կհասկանան` ոչ բարվոք վիճակում են»: Փաշինյանը հավելեց, որ կան տեղեկություններ, որ բացի փողից, հրազդանցիներին բաժանվում է նաև սելիտրա:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան




















































