ԼՂ հակամարտության թեմայով թեժ բանավեճ է կայացել France 24 հեռուստաալիքի ուղիղ եթերում
SOCIETYՖրանսիական France24 հեռուստաալիքի ուղիղ եթերով թեժ բանավեճ է տեղի ունեցել ԼՂ հակամարտության թեմայով Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, ֆրանսահայ համայնքի առաջնորդ Մուրադ (Ֆրանկ) Փափազյանի և Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբաևի միջև:
Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, բանավեճի ընթացքում, որը տեղի է ունեցել ապրիլի 12-ին, Փափազյանը դիպուկ պատասխաններ է տվել Ամիրբաևի հարձակողական ելույթներին:
Փափազյանը ընդգծել է Ադրբեջանի կողմից 1994-ի հրադադարի բազմակի խախտումների ու 1980-90թթ. հակահայկական ծրագրերի մասին` շեշտելով, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի և ևս մեկ հանրաքվե անցկացնելու հնարավորություն պետք է ստանա:
Փափազյանը նշել է, որ Ադրբեջանը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած լուծումները: Նա նաև ընդգծել է, որ Բաքում «սև ցուցակում» է ընդգրկում Լեռնային Ղարաբաղ ոտք դնող միջազգային դիվանագետներին:
«Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը բռնապետություն է: Հայերի դեմ պատերազմելու ռազմատենչ հայտարարություններն առկա են Իլհամ Ալիևի բոլոր ելույթներում, որոնք տարածվում են միջազգային մամուլում», - ասել է Փափազյանը:
«Այսօր, Ադրբեջանը ծաղրանկար է, որին մեղադրում է ողջ աշխարհը և համաշխարհային կազմակերպությունները»,- ասել է Փափազյանը` թվարկելով իրավապաշտպան կազմակերպությունների անունները, որոնք դատապարտում են Ադրբեջանին մարդու իրավունքների խախտումների և մամուլի անազատության համար:
Վիճաբանության ժամանակ իր կարծիքն է հայտնել նաև ֆրանսիացի հաղորդավարուհին. «Աշխարհը տեսնում է, որ այն, ինչ պատահեց Ղարաբաղում, Ալիևի օգտին էր, որը փորձում էր լուծել իր ներքին տնտեսական խնդիրները՝ շահարկելով ազգային խաղաքարտը»:



