Հայկական երաժշտությունը ներառվել է ռումինական Ֆլաուտո Դոլչե խմբի երգացանկում
CULTURE
Ռումինական Ֆլաուտո Դոլչե խումբը (Flauto Dolce), որն առաջիկայում պատրաստվում է շրջագայել Եվրոպական մի շարք երկրներում, իր երգացանկի մեջ ներառել է նաեւ հայկական երաժշտություն: Խումբը ստեղծվել է 2000թ. Կլուժում` պատմական Տրանսիլվանիայի կենտրոնում, ուր միախառնվում են տեղական բազմազգ մշակույթները` ռումինական, հունգարական, հայկական, գերմանական եւ հրեական:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արեւմտյան Եվրոպայի երաժշտական ավանդույթների կողքին խումբը փորձում է վերահայտնագործել ռումինական տարածքների հին ավանդական երաժշտությունը եւ սնվում է ժամանակի զանազան ձեռագրերից ու երգարաններից` իր ոճի մեջ ներառնելով արեւելյան ազդեցությունները (եբրայական, գնչուական, հայկական եւ թուրքական):
Խմբի հիմնադիրը եւ ղեկավարն է Զոլտան Մաժոն (Zoltan Majo)` ֆլեյտա, անդամները` Մարիա Սաբոն (Maria Szabo)` ֆլեյտա, Միկլոշ Նոեմին (Noemi Miklos)` կլավեսին եւ սոպրանո Միհաելա Մաքսիմը (Mihaela Maxim):
Ֆլաուտո Դոլչե խումբը հայկական կատարումներով անցյալ տարի մասնակցել է ապրիլի 9-ին Կլուժում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին, ինչպես նաեւ սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կազմակերպված Հայաստանի ազգային տոնին:
Խումբը շրջագայություններով հանդես է եկել Ավստրիայում, Իսպանիայում, Իտալիայում. Իսրայելում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Սլովենիայում, Սերբիայում, Սլովակիայում եւ Հունգարիայում: Առաջիկա ապրիլի 18-26-ին Ֆլաուտո Դոլչեն պատրաստվում է ելույթներ ունենալ Սլովակիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում:




















































