Քարոզարշավում ամենամեծ գումարը ծախսել է Հրազդանի քաղաքապետը
POLITICSՀրազդանի քաղաքապետ, ապրիլի 17-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրված Արամ Դանիելյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ծախսել է եռակի ավելի շատ գումար, քան իր երկու թեկնածուները:
ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ Դանիելյանի նախընտրական հիմնադրամ մուտք է արվել 2 միլիոն 600 հազար դրամ, որից թեկնածուն ծախսել է 2 միլիոն 550 հազար դրամը: «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արթուր Միսակյանն ամբողջությամբ ծախսել է իր նախընտրական հիմնադրամ մուտքագրված 573 հազար դրամը: Ամենաքիչը ծախսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանը: Նրա նախընտրական հիմնադրամ մուտք է արվել 450 հազար դրամ, որից ծախսվել է ընդամենը 306 հազարը:
Նշենք, որ թեկնածուներից յուրաքանչյուրն իրավունք ուներ իր նախընտրական հիմնադրամ մուտքագրել եւ ծախսել մինչեւ 15 միլիոն դրամ:
Գագիկ Աղբալյան



