Աբրահամյան - Մեդվեդև հանդիպումն ավարտվեց. քննարկվել են տնտեսականից մինչև հումանիտար ոլորտներին առնչվող հարցեր
POLITICSՀայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը երկկողմ հանդիպմանը քննարկել են ինչպես հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ նախանշելով մոտ ապագայում երկկողմ գործընկերության հիմնական ուղղություններն ու խնդիրները: Այդ մասին հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ հանդիպումն անցել է շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում:
«Քննարկեցինք նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այնպիսի ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են էկոնոմիկան, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, հումանիտար համագործակցությունը, կրթությունը, մշակույթը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը, որն այսօր համալրվեց ստորագրված նոր փաստաթղթերով: Հատուկ ընդգծվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պարբերաբար հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցներից մեկն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ երկուստեք ընդգծվեց նաև Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեության կարևորությունը:
Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ բանակցություններն ընթացել են ինչպես միշտ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Վարչապետը վստահություն հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն, հաջողությամբ կյանքի կկոչվեն:



