Պապ, ծառայությունն ավարտեմ, պայմանագիր եմ կնքելու, մնամ. տեղի ունեցավ կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյանի հոգեհանգիստը (լուսանկար, տեսանյութ)
SOCIETYNews.am-ը գրում է.
Երեւանում այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված կրտսեր սերժանտ, 23-ամյա Ռուբեն Իսկանդարյանի հոգեհանգիստը:
Հոգեհանգստին ներկա էին հարազատները, ընկերները, պաշտոնատար անձինք ՊՆ-ից, պատգամավորներ, հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսին անծանոթ մարդիկ:
Կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյանը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո պատրաստվում էր պայմանագրային զինծառայող դառնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Իսկանդարյանի հոր ընկերը՝ Դավիթ Հարությունյանը:
«Զինվորականի գործը շատ էր սիրում: Հորը մի քանի անգամ ասել էր՝ պապ, ծառայությունն ավարտեմ, պայմանագիր եմ կնքելու, մնամ-ծառայեմ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Ռուբեն Իսկանդարյանը սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի ֆակուլտետում, ուսումն ավարտելուց հետո՝ 2014թ հունիսին, զորակոչվել է բանակ:




















































