Նախարար Նալբանդյանն Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակին ներկայացրել է ԼՂ գոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
POLITICSՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 3-ին ընդունել է Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը՝ շեշտելով պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անձնական ներդրումը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։
«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կնեսեթի փոխխոսնակ Պլոսկովը շեշտեց, որ հայ և հրեա ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական հարաբերություններ են ձևավորվել, և պատգամավորական խումբը նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել դրանց առավել ամրապնդման ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան - Իսրայել երկկողմ օրակարգի հարցեր, գոհունակությամբ արձանագրեցին խորհրդարանական ձևաչափում հաստատված ակտիվ փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանը և միջազգային հանրությունը միակարծիք են՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։



