«Լուսավոր Հայաստանը» ճանաչման խնդիր չունի, մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին ու հաղթի
POLITICS«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իրեն ուղղված հարցին՝ նոր օրենսգրքով առաջարկվող համամասնական ընտրության ձևաչափը կուսակցական համակարգի զարգացման հիմք չի՞ տեսնում արդյոք և որպես նոր բրենդ ավելի հաճելի չէ՞ր լինի մասնակցել ՏԻՄ ընտրություններին որպես նոր կուսակցություն, ինչու ոչ, նաև գովազդային նպատակներով՝ ճանաչվելու մարդկանց կողմից և նախապատրաստվելու 2017-ի խորհրդարանական ընտրություններին՝ այսպես ասած, որպես նախավարժանք, պատգամավորը պատասխանեց, որ իշխանությունն այս մեխանիզմն իր հաղթանակն ապահովելու համար է ներդրել. հասկանալով, որ Վանաձորում և Գյումրիում մեծ է իրենց պարտվելու վտանգը՝ ընտրել են մի տարբերակ, որ չկորցնեն ամեն ինչ և պարտվելու դեպքում գոնե խմբակցություն ունենան տեղական ինքնակառավարման մարմիններում: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», կուսակցության ղեկավարի խոսքով, իրենք ճանաչման խնդիր չունեն. «Եթե մենք ցանկանանք, որ ինչ-որ տեղ գովազդվենք, մենք կարող ենք առաջադրվել Սպիտակում, մյուս համայնքներում և գնանք այնտեղ մեզ ներկայացնենք: Մեր մասնակցությունը պիտի լինի այնպիսին, որ մենք մեր հաշվարկներում ունենանք հնարավորություն հաղթելու, չմասնակցենք օլիմպիական սկզբունքով: Եվ այս առումով ոչ թե մասնակցելու ենք, որ մեզ ճանաչեն, որովհետև ճանաչում են, այլ մասնակցելու ենք, որ հաղթենք»:
Իսկ որ նոր Ընտրական օրենսգրքով «Լուսավոր Հայաստանը» կկարողանա հաղթել Վանաձորի գալիք ընտրություններում, Մարուքյանը վստահ է այդ առումով: «Այո´, ցանկացած կոնֆիգուրացիայով, հին Ընտրական օրենսգրքով, թե նոր Ընտրական օրենսգրքով, մենք ունենք ռեսուրս, որ Վանաձորում եղած մոտ 60 տեղամասային ընտրական հանձնաժողովները հսկողության տակ լինեն: Այդտեղ բարդ բան չենք տեսնում, մենք 48 ընտրատեղամաս թիվ 30 ընտրատարածքում պահել ենք և հիմա էլ 60-ը կկարողանանք պահել Վանաձորում էլ, Գյումրիում էլ»:
Ադրինե Թորոսյան



