ՀՀ և Արգենտինայի ԱԳ նախարարները գոհ են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակից
POLITICSՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 31-ին հանդիպել է Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Սուսանա Մալկորային։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի տարբեր հարցերի, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, միջխորհրդարանական շփումների սերտացմանը, տնտեսական համագործակցության խթանմնը, մտքեր են փոխանակել փոխգործակցության առավել զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի շուրջ։ Այս առումով նախարար Նալբանդյանը Սուսանա Մալկորային տեղեկացրել նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի մոտ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը նվիրված խորհրդակցության արդյունքում տրված հանձնարարականների և ձեռնարկվելիք քայլերի մասին։
Նախարարները գոհունակությամբ են արձանագրեցին հայ-արգենտինական հարաբերությունների բարձր մակարդակը՝ շեշտելով դրանց ամրապնդման գործում Արգենտինայի հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել՝ Արգենտինայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության բազմաթիվ դրսևորումների համար։
Նախարար Նալբանդյանը Սուսանա Մալկորային հրավիրել է այցելել Հայաստան։



