Տանկային բիաթլոնի մասնակից հայաստանյան անձնակազմը մեկնել է Մոսկվա
SOCIETYՀայկական զինված ուժերից ընտրված լավագույն տանկային անձնակազմերը մեկնել են Մոսկվա, որտեղ ներկայում նախապատրաստվում են «Տանկային բիաթլոն 2015» մրցույթին, որը մի շարք այլ մրցույթների հետ ընդգրկված է լինելու այս տարի առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր 2015» մրցույթի մեջ։
Տանկային անձնակազմերի մեկնումը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ Ռուսաստանում հայաստանյան պատվիրակությանը ջերմ ընդունել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն ու հատկապես գործարար Աշոտ Բաբոյանը, ովքեր մեծ աջակցություն են ցուցաբերել մեր թիմին: ։
Այս տարվա միջազգային տանկային բիաթլոնին պատրաստվելիս անձնակազմերին իրենց խորհուրդներով օգնել են նաև նախորդ տարի Մոսկվայում անցկացված մրցույթին երկրորդ տեղը զբաղեցրած հայաստանցի տանկիստները։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Մոսկվայում անցկացված Տանկային բիաթլոն 2014 մրցույթին Հայաստանը ներկայացնող տանկիստները 12 երկրների պայքարում զբաղեցրել են 2-րդ պատվավոր տեղը՝ զիջելով միայն տանտերերին՝ Ռուսաստանի տանկիստներին։
Տանկային բիաթլոնը (ՏԲ) զինված ուժերում տանկերով անցկացվող մրցույթ է, որի ժամանակ տանկային անձնակազմերը մրցում են տանկերով երթի, արգելքներ հաղթահարելու, կրակելու, ինչպես նաև ֆիզիկական վարժությունների մեջ։




