Սևանա լճի ստորգետնյա ավազանը գերաղտոտված է
SOCIETYՍևանա լճի ստորգետնյա ավազանը գերաղտոտված է: Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը, ով իր հայ-ֆրանսիական խմբի հետ արդեն 6-րդ տարին անընդմեջ սուզումներ և հետազոտություններ է կատարում Սևանա լճի ստորջրյա ավազանում:
«Սևանա լճի հատակն ու ափերը անչափ աղտոտված են: Ինչպես ափին, այնպես էլ ջրի տակ կարելի է տեսնել տարարտեսակ աղբ՝ ներառյալ պլաստիկ մեկանգամյա սպասք և խեցգետին որսալու համար վնասված ցանցեր: Պլաստիկ նյութերը ջրում քայքայումից հետո դառնում են վտանգավոր կեր ձկների համար, ինչպես նաև դրանց ուտող մարդու համար: Իսկ խեցգետնի վնասված և լքված ցանցերը դառնում են ձկների սատկելու պատճառ»,- նշեց Ստեփան Կոջայանը:
Սուզորդը նշեց, որ լճի ափն աղտոտված է ոչ միայն տուրիստական հատվածներում, այլ նաև սովորաբար դատարկ ափերին: Խոսելով լճի հատակի աղտոտվածության մասին՝ նա նկատեց, որ ջրի մակարդակի բարձրացումը առաջին հայացքից կարող է քողարկել աղտոտման մակարդակը, սակայն կոչ արեց մտածել լճում նոր աղբի առաջացման կանխարգելման համար արդյունավետ եղանակների մասին:



