Արտերկրում բարձր պաշտոններ զբաղեցնող հայ կանայք. լուսանկարներ
LIFEWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ կին քաղաքական գործիչներին։ Այս անգամ ներկայացնում ենք արտերկրում պետական պաշտոններ զբաղեցնող հայ կանանց, որոնք հաճախ հայանպաստ գործունեություն են ծավալում։
Լիլիան Քեշիշյան. Ուրուգվայի Զբոսաշրջության եւ սպորտի նախարար
Լիլիան Քեշիշյանի հայրը Հայաստանից է, իսկ մայրը՝ Ուրուգվայից։ Հայաստան կատարած երկրորդ այցի ժամանակ նա ցավով է նշել, որ հայերեն չգիտի։
Լիլիան Քեշիշյանը եղել է նաեւ Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր, որից հետո նշանակվել է Ուրուգվայի Զվոսաշրջության եւ սպորտի փոխնախարար, իսկ 2012 թվականից զբաղեցնում է նախարարի պաշտոնը։ Նա առաջին հայն է, ով հասնում է այդ բարձր պաշտոնին եւ լինում Ուրուգվայի կառավարության անդամ։
Նշենք նաեւ, որ տարիներ առաջ տիկին Քեշիշյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի Եվրամիությունը Թուրքիայից պահանջի ընդունել Հայոց ցեղասպանությունը` եվրաինտեգրման գործընթացը սկսելու համար։
2013-ին որպես նախարար Հայաստան կատարած այցի շրջանակներում Լիլիան Քեշիշյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության այդ ժամանակվա նախարար Յուրի Վարդանյանի կողմից ոսկե ժամացույց է նվեր ստացել։
Գլեդիս Բերեջիկլյան. Նոր Ուելս նահանգի տրանսպորտի նախարար
Գլեդիսը ծնվել է 1970թ. Սիդնեյում, հայկական ընտանիքում։
Աշխատել է Ավստրալիայի հայկական կոմիտեում։ 1993 թ. նա մտել է Ավստրալիայի Լիբերալիստական կուսակցության շարքերը, իսկ 1996 թ. դարձել երիտասարդական թեւի ղեկավար։ 2003 թ. նա ընտրվել է Նոր Ուելս նահանգի խորհրդարանի սենատոր։ 2011-ին Լիբերալիստական կոալիցիան հաղթել է Նոր Հյուսիսային Ուելսի ընտրություններն ու Գլեդիս Բերեջիկյանը նշանակվել է Ավստրալիայի ամենախոշոր Նոր Հյուսիսային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար։
Բերեջիկյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հանդիսանալով Ներքին պալատի պատգամավոր եւ տրանսպորտի նախարար, պաշտպանում է պրոհայկական օրինագծերն ու բանաձեւերը։ Ավելին, նա նախաձեռնում է ավստրալական հասարակության մեջ քննարկումներ, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցին։
Նազիրա Ֆարահ Սարգիս. Սիրիայի բնապահպանության նախարար
Նազիրա Ֆարահ Սարգիսը ծնվել է Հալեպում, ստացել է հայկական կրթություն։Ավարտելով դպրոցը՝ ընտրել է քիմիկոսի մասնագիտությունը, ունի քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան։
Աննա Էշու. ամերիկյան քաղաքական գործիչ,Կալիֆորնիան ներկայացնող ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ
Նրա մայրը հայուհի է, հայրը՝ ասորի։
Իր հայկական արմատների մասին խոսելիս՝ Աննա Էշուն նշել է, որ դարեր շարունակ հայերի յուրահատկությունն է համարվել աշխատանքային էթիկան. «Երբ գործը սկսում են, կանգ չեն առնում, մինչեւ ավարտին չհասցնեն. ահա այսպիսին է մեր աշխատանքային ոճը։ Մեր ազգն ունի եւս մեկ գիծ. մենք երբեք չենք վախեցել անհաջողությունից, չնայած դրանց՝ շարունակել ենք զարգանալ»,- ասում է Էշուն։
Իզաբել Դինգիզյան. Շվեդիայի խորհրդարանի՝ Ռիկսդագի փոխնախագահ, Կանաչների կուսակցության անդամ
Իզաբել Դինգիզյանը ծնվել է Բաղդադում՝ 1962 թվականին, Ռիքսթագի անդամ է եղել 2006 թվականից, այժմ Կանաչների կուսակցությունից է: Մինչ 2008 թվականը նա ներկայացել է որպես Իզաբել Ռշտունի: Դինգիզյանը հայուհու օրիորդական ազգանունն է: Նրա հայրը Գրիգոր Դինգիզյանն է:








