Նա արդեն մեծ մարդուկ է, ում հետ կարող ես հանգիստ խոսել՝ վստահ լինելով, որ քեզ հասկանում է. Լուսինե Թովմասյանը՝ Փարիզում անցկացրած հանգստի և փոքրիկի մասին (լուսանկար)
PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
Լուսինե Թովմասյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Գեղեցկուհի մայրիկը պատմել է վերջերս Փարիզում անցկացրած հանգստի, առաջիկա ծրագրերի եւ փոքրիկ Արիանայի մասին:
«Փարիզ մեկնել էի ընկերուհուս եւ իմ շատ լավ ընկեր դիզայներ Վահան Խաչատրյանի հետ: Կարճ ժամանակ անցկացրեցինք, չհաշված վատ եղանակի պայմաններում, բայց ինչեւէ, երբ ընկերներով ենք, ժամանակը, միեւնույն է, ուրախ է անցնում: 6 օրում հասցրեցի լավ ժամանակ անցկացնել ու նաեւ Վահան Խաչատրյանի հետ ֆոտոպատմություն իրականացնել, քանի որ այդ ընթացքում Վահան Խաչատրյանի հավաքածուն այնտեղ էքսպոյի էր մասնակցում»,- պատմեց Լուսինե Թովմասյանն ու նկատեց, որ իր բացակայության ընթացքում փոքրիկին խնամել են ամուսինը, մայրիկն ու դայակը.
«Բացակայությունս շատ կարճ տեւեց, ուստի փոքրիկիս մայրս, ամուսինս ու մեր դայակը կարողացել են պահել այնպես, որ աղջիկս իմ կարիքը չունենա, թեպետ այդ մի քանի օրում թե ես, թե նա շատ էինք կարոտել իրար»,- հավելեց Լուսինեն:
Խոսելով աշխատանքներից՝ մոդելը նշեց. «Մայիսի 24-ից Ստրասբուրգում «Fashion week» է սկսվելու, որտեղ նաեւ Վահան Խաչատրյանը մասնակցություն կունենա, իսկ նրա զգեստների ցուցադրմանը ես էլ կմասնակցեմ: Բալիկս արդեն այն տարիքում է, որ կարող եմ մտածել աշխատանքի մասին, հավանաբար մի փոքր էլ կանցնի եւ կսկսեմ կոնկրետ քայլերի դիմել. հիմա ծրագրեր ունեմ նոր բիզնես հիմնելու, գուցե նաեւ հեռուստատեսությունում աշխատելու, որի մասին ավելի ուշ կխոսեմ, իսկ մինչ այդ քույրիկիս հետ զբաղվում եմ մեր համատեղ բիզնեսով եւ երբեմն-երբեմն անդրադառնում մոդելային աշխատանքին, որն ինձ համար արդեն հոբբի է դարձել»:
Վերջին օրերին համացանցում հաճախ են հայտնվում «Լուսինե Թովմասյանի դստեր առաջին քայլերը» վերնագրով նյութեր, այս առումով Լուսինեն նկատեց, որ աղջիկը առաջին քայլերն արել է դեռ 10 ամսականում.
«Պետք է ասեմ, որ աղջիկս առաջին քայլերը արել է 10 ամսկանում: Մենք շուտ ենք սկսել քայլել, բայց դեռեւս քիչ բառեր ենք արտասանում՝ Արիանան դեռ միայն մամա, պապա եւ տատա է ասում, միաժամանակ շատ խելացի փոքրիկ է, գրեթե ամեն ինչ հասկանում է, երբ որեւէ բան ես հարցնում, գլխով այո կամ ոչ է անում. նա արդեն մեծ մարդուկ է, ում հետ կարող ես հանգիստ խոսել՝ վստահ լինելով, որ քեզ հասկանում է»,- փոքրիկ Արիանայի մասին խոսելիս՝ պատմեց գեղեցկուհի մայրիկն ու ժպիտով շարունակեց.
«Աղջիկս աննկարագրելի ակտիվ է եւ շատ շփվող է, բայց միաժամանակ շատ շուտ է վիրավորվում, նրա հետ չես կարող խիստ ձայնով խոսել, անմիջապես վիրավորվում ու նեղանում է: Հետաքրքրականն այն է, որ բնությունն իր գործն անում է դեռ այս տարիքից, Արիանան իրեն իսկական կոկետ աղջկա նման է պահում, սիրում է իրեն նայել հայելու մեջ եւ խունջիկ-մունջիկ լինել»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան




















































