Ինչո՞ւ հայտնիները ակտիվ չեն մասնակցում հոսանքի թանկացման դեմ բողոքին. Հովհաննես Ազոյանը և Յոժ-ը դրա համար մամուլին են մեղադրում
SOCIETYԷլեկտրաէներգիայի թանկացումը հուզում է նաև դերասան Սերգեյ Դանիելյանին (Յոժ), ով դեմ չէ մասնակցել բողոքի ակցիաներին: Tert.am-ի հետ զրույցում, սակայն, դերասանը նշեց, թե չգիտի ինչպես օգուտ տալ նախաձեռնությանը:
«Մասնակցելը, կմասնակցեմ: Նենց չի, որ դա ինձ չի հետաքրքրում, ուղղակի չգիտեմ, թե ինչպես կարող է օգուտ տալ այդ նախաձեռնությանը: Դեռ չեմ պատկերացնում, բայց եթե ինչ-որ բան լինի, իհարկե կմասնակցեմ»,-նշեց նա:
Դերասանն այդքան էլ ծանոթ չէ հիմնավորումներին, թե ինչու են ուզում կրկին անգամ հոսանքի գին բարձրացնեն: «Մի քիչ տնտեսական հարց է, այդքան էլ չգիտեմ թանկացման պատճառները, բայց կարող եմ ենթադրել, որ վատ կառավարման արդյունք կարող է լինել: Իրենք գողանում են, մենք պետք է տանք այդ փողը, պարզ չէ»,-նշեց նա:
Դերասանը մի բան հստակ գիտի՝ ժողովուրդը վճարունակ չէ:
Իսկ հունիսի 19-ին նախատեսված հանրահավաքին, նա նշեց, որ կմասնակցի, ուղղակի խնդիրը նրանում է, որ այստեղ էլ մամուլն է խանգարում ազատ դեմ արտահայտվել: «Ես հանրահավաքներին մասնակցում եմ, ուղղակի աշխատում եմ չերևալ, որովհետև երևում ես, հետո էլ պետք է պատասխան տաս, թե ինչու ես երևացել, ոմանց թվում է՝ քո PR-ն ես ուզում անել»,-ասաց նա:
Դերասան Հովհաննես Ազոյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, թե ինքը մտահոգ է, որ հոսանքի գինը մտադիր են բարձրացնել, և որպես քաղաքացի արդեն մասնակցել է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման երթին և իր բողոքն արտահայտել:
Նա համակարծիք է, որ երբ քաղաքային տրանսպորտի գինն էին ցանկանում դարձնել 150 դրամ, նաև իրենց՝ պայքարին միանալը օգուտ տվեց արդյունքի հասնելու համար, իսկ թե հիմա ինչու նախկինի նման ակտիվ կոչեր չկան, Հովհաննես Ազոյանը դրանում մեղադրեց մամուլին:
«Մամուլի այդ արձագանքները հանգեցրին նրան, որ մարդ չի ուզում մի բան անի»,-եզրափակեց նա:
Կարգին Հայկոն թեմայի առնչությամբ խոսել չցանկացավ, նշեց, որ հարմար չէ խոսել:



