«Առավոտ». Սպասել, մինչև տվյալ պաշտոնյան իրեն այս կամ այն ձևով դրսևորի, հետո գնահատական տալ
SOCIETYՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
««Կագեբեն», ազգային անվտանգությունը, հատուկ ծառայությունները կամ ինչպես որ դրանք կոչվում են, առանձնապես հաճելի հիմնարկներ չեն և որևէ երկրում ջերմ ընդունելության չեն արժանանում: Այնտեղի աշխատողները մարդկանց լրտեսում են, գաղտնալսում, հարցաքննում են, հավաքագրում, շանտաժում և այլն: Սովետում, Ռուսաստանում և, հետևաբար նաև Հայաստանում նման հիմնարկները յուրահատուկ հավելյալ դերակատարություն ունեին և ունեն, ինչը ևս չի նպաստում դրանց նկատմամբ դրական վերաբերմունքին: Դա չի նշանակում, սակայն, որ այդ հիմնարկում աշխատած ցանկացած մարդու նկատմամբ պետք է կանխակալ բացասական վերաբերմունք լինի:
Ցանկացած կադրային նշանակման դեպքում կարող են լինել տարբեր տեսակի գնահատականներ: Դա բնական է հատկապես այն դեպքում, երբ կա քաղաքական կամ անձնական շահագրգռվածություն: Բայց եթե նման խնդիր չկա, խելամիտ է սպասել, մինչև տվյալ պաշտոնյան իրեն այս կամ այն ձևով դրսևորի: Ցանկացած մամուլի քարտուղարի դեպքում «լավ դրսևորվելը», իմ ընկալմամբ, լրատվամիջոցների հետ նորմալ հարաբերություններ հաստատելն է, դոգմատիկ, «բոլոր կոճակներով կոճկված» չլինելը, լրագրողներին «վերևից» չնայելը և նրանց հարցերին սպառիչ պատասխաններ տալը, անգամ եթե նրանց լրատվամիջոցները խիստ ընդդիմադիր են»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



