Ընտրությունները մոտենում են. գործող քաղաքապետը մրցակից չունի
POLITICSԱպրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: Այս պահին կա միայն մեկ թեկնածու՝ գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, ով առաջադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից:
Նշենք, որ Թալինի քաղաքապետի ընտրություններին իրենց թեկնածուին է ցանկանում առաջադրել «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:
Այս մասին որոշումը կայացվել է դեռ երկու օր առաջ՝ կուսակցության կառավարման խորհրդի նիստի ժամանակ: Նիստում քննարկվել են ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր և կառավարման խորհուրդը որոշում է կայացրել մասնակցել Թալինի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանին: Սակայն մինչեւ հիմա, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի, գրանցված միակ թեկնածուն գործող քաղաքապետն է: Թեկնածուների գրանցման փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետ է նշված մարտի 18-ի երեկոյան ժամը 18.00-ն:
Ինչեւէ, դեռեւս ժամանակ կա: Սակայն անհասկանալի է, թե ինչու են այդքան ուշացնում կամ ինչին են սպասում «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամները, եթե արդեն մասնակցության մասին որոշումը բարձրաձայնվել է:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



