«Ինձ համար դժվար չէ «վատ աղջիկ» լինել». Լուիզա Կարապետյանի անկեղծ խոստովանությունը
LIFEBlognews.am-ը գրում է.
Դերասանուհի Լուիզա Կարապետյանին հասարակությունը ճանաչում է «Սիրո գերին» և «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից։ Նա ավարտել է Թատերական ինստիտուտի երաժշտական բաժինը։ BlogNews-ի հետ զրույցում Լուիզան ասաց, որ ուսանողական տարիներին չի ընդունել նկարահանման ոչ մի առաջարկ, քանի որ ցանկացել է կենտրոնանալ ուսման վրա։ Այնուհետև սկսել է նկարահանվել «Սիրո գերին» հեռուստասերիալում, որն էլ իրեն ճանաչում է բերել։

Այս մասնագիտությամբ զբաղվելու մասին Լուիզան մանկուց է երազել։ Փոքր տարիքում շատերի համար ստիմուլ է լինում հայտնի դառնալու հանգամանքը։ «Ճանաչվելու երազանքը, բնականաբար, կա, սակայն տարիների ընթացքում հասկանում ես, որ դա չէ կարևորը։ Կարող ես լինել ճանաչված, բայց ոչ սիրելի, որակ չապահովես։ Հիմա ինձ համար դա առաջնային չէ»,- ասաց նա։
Լուիզան բացասական կերպարներ է մարմնավորել. «Երբ բացասական դերեր ես խաղում, հանդիսատեսը քեզ այդպիսին է ընկալում, դրսում կարող են քեզ տեսնել ու ընդունել որպես իրական կերպար, վատ կարծիքներ հայտնեն, սակայն ես չեմ կենտրոնանում դրա վրա։ Ինձ համար դժվար չէ սերիալի «վատ աղջիկը» լինել։ Ավելին, բացասական կերպարներ կերտելն ավելի հետաքրքիր է, քանի որ կերպարի մեջ ռիթմ կա, բարի դերերն ավելի միատոն են։ Հասկացող մարդը հասկանում և տարբերում է կերպարն իրական մարդուց, չհասկացողն այդպես էլ չի հասկանում»։

Լուիզան նաև երաժշտությամբ է զբաղվում։ «Մանկուց երգել եմ, հաճախել եմ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ։ Ինձ համար հստակ էր, որ արվեստի ինչ-որ ճյուղ եմ ընտրելու, սակայն երբ մասնագիտական ընտրություն անելու ժամանակն էր, տատանվում էի՝ թատրո՞ն, թե՞ երգ։ Իմացա, որ Թատերական ինստիտուտում երաժշտական բաժին կա, որը ներառում է երգը, պարը և դերասանությունը, որոշեցի համատեղել և ընտրել հենց դա։ Խաղացել եմ երաժշտական ներկայացումներում»,- ասաց Լուիզան ու հավելեց, որ հնարավոր է՝ առաջիկայում հանդիսատեսն իրեն ճանաչի որպես երգչուհի։
«Ունեմ երգ, որը ձայնագրման փուլում է, գուցե տեսահոլովակով ներկայացնեմ։ Սիրային մեղեդային երգ է՝ փոփ ոճում, սակայն չեմ ուզում մանրամասներ բացահայտել, քանի որ շատ բաներ դեռ հստակ չեն»,- նշեց նա։

«Ուրիշի հոգին» սերիալում լուիզայի զբաղվածոթյունը մեծ չէ։ Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ այլ զբաղմունք, աշխատանք ունի՞, պարզվեց՝ ոչ։ Լուիզան արտերկիր մեկնելու ցանկություն ունի։ «Հայաստանում մի քիչ բարդ է։ Գլխավոր դերերում միշտ նույն դեմքերն են։ Հասկանում ես, որ Հայաստանում երազանքներդ չեն կարող կատարվել։ Չես կարող ավարտել Թատերականն ու անընդհատ երկրորդական դերեր խաղալ, որովհետև գլխավոր դերերը միշտ զբաղված են լինում։ Արտերկիր մեկնելու ծրագրեր ունեմ, այժմ արտերկրում նկարահանվելու առաջարկ ունեմ, սակայն այդ մասին չեմ խոսի, քանի որ դեռ վերջնական չէ»,- եզրափակեց դերասանուհին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



