ԱԺ-ն վերջապես ընդունեց. ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց
POLITICSԱզգային ժողովը 102 կողմ ձայներով ընդունեց ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նախագծի համաձայն՝ կարգազանց են համարվում նաև այն պատգամավորները, ովքեր միմյանց փոխարեն քվեարկում են:
Հիշեցնենք, որ նախագիծը տևական ժամանակ է՝ օրակարգում էր, բայց չէր քննարկվում: Քննարկման առիթ հանդիսացավ էթիկայի հանձնաժողովի որոշումը, որով հանձնաժողովը բավարարեց իրար փոխարեն քվեարկող 7 պատգամավորների վերաբերյալ Past.am լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը:
Հանձնաժողովը որոշմամբ առաջարկություններ էր ներկայացրել Գալուստ Սահակյանին և առաջարկել առաջիկա քառօրյայում քննարկվող հարցերի ցանկում պարտադիր ընդգրկել նաև իրար փոխարեն քվեարկող պատգամավորներին կարգազանց համարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Ճիշտ է՝ Ազգային ժողովը հաջորդող քառօրյային չքննարկեց, այլ տեղափոխեց այս քառօրյա, այնուամենայնիվ, նախագիծը քննարկվեց և ընդունվեց միաձայն:
Past.am-ի հարցին ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ օրենքը հետադարձ ուժ չունի և այն չի կարող տարածվել նաև այդ 7 պատգամավորների վրա:



