Անբարոյականություն է. Շարմազանովը՝ Գալուս Սահակյանի պաշտոնի վրա «աչք ունենալու» մասին
POLITICSԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անբարոյականություն է համարում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնն զբաղեցնելու հավակնություններ ունենալու մասին լուրերի տարածումը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Անբարոյականություն է ոչ միայ նման բան մտածելը, գործելը… ի՞նչ ԱԺ նախագահ: Մենք ունենք ԱԺ-ի նախագահ եւ ես կարծում եմ, որ նման հրապարակումները, նման բան նույնիսկ մտածելը, նման հավակնությունները պարզ ասում եմ՝ անբարոյականություն են, ով ուզում է լինի 131 պատգամավորներից: Գալուստ Գրիգորիչին առողջություն ենք մաղթում: Նման բան «զակազ» տալը, հրապարակելը, մտածելը, գործելը դա անբարոյական է, իսկ մնացածները թող իրենց համար մտածեն»,- ասաց ԱԺ փոխնախագահն ու անդրադառնալով մյուս հավանական թեկնածուի՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի անվան շրջանառությանը՝ ասաց.
«Արտակ Զաքարյանին էլ եմ շատ լավ ճանաչում: Չկա նման բան: Մենք այսօր բոլորս ավելի լավ աշխատում ենք նաեւ մեր սիրելի Գալուստ Գրիգորիչի համար, որովհետեւ երբ որ ինքն այսօր մեզ հետ չի, այստեղ չի, պառլամենտում չի, ինքն արտերկրում է, բուժզննում է անցնում, մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն ավելի լավ աշխատելու»:



