Մարզասրահ հաճախելու 6 ոգևորող քայլ
LIFEBlognews.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում է medicaldaily.com-ը, եթե Ձեր աշխատանքային ժամերը երկար են, և այդ ընթացքում Ձեր էներգիան պահպանելու համար սուրճ և զանազան էներգետիկ ըմպելիքներ եք օգտագործում, ապա իսկապես ժամանակն է վազելու մարզասրահ: Ահա մարզասրահ հաճախելու 6 մոտիվացիոն խորհուրդ:
1. Պլանավորեք Ձեր սննդակարգը
Եթե աշխատանքից հետո անմիջապես սուրալու եք մարզասրահ, մի քանի ժամ շուտ կերեք, որպեսզի Ձեր ստամոքսը ո´չ դատարկ լինի, ո´չ էլ՝ լիքը:
Օգտագործեք սպիտակուցներով և ածխաջրերով հարուստ սննդամթերքներ (կանաչ բանջարեղեններ, վարսակի ալյուր, ամբողջական ձավարեղեն կամ մակարոնեղեն): Այդպիսի սննդամթերքները մարզվելուց առաջ և ընթացքում Ձեզ էներգիա կհաղորդեն:
2. Նոր սպորտային հագուստ գնեք
Առաջին անգամ հաճախելով մարզասրահ՝ Դուք կնկատեք զանազան գույներով սպորտային հագուստ կրող մարդկանց: Ընտրեք այնպիսի գույներ, որոնք Ձեզ դուր են գալիս, օրինակ, միգուցե Ձեզ դուր գան նեոնային կանաչ գույնի սպորտային կոշիկները կամ հագուստը: Իսկ էլ որտե՞ղ կարող եք գնալ սպորտային կոշիկներով, գունավոր գուլպաներով կամ բասկետբոլային շորտերով: Պարզ է, որ միայն մարզասրահ:
3. Ձեր սպորտային հագուստը Ձեզ հետ աշխատավայր բերեք
Եթե նոր սպորտային հագուստ ունեք, Ձեզ հետ բերեք աշխատավայր: Աշխատանքից հետո բոլորս էլ երազում ենք տուն գնալ և հարմարավետ զգալ: Բայց եկեք չմոռանանք մեր նպատակի մասին: Սպորտային հագուստը Ձեզ անընդհատ կհիշեցնի մարզասրահ հաճախելու մասին:
4. Ձեզ համար մարզընկեր գտեք
Ձեզ համար լավ հնարավորություն է ընձեռնվում, եթե Ձեր ընկերներից մեկն էլ է որոշել մարզվել, բայց այնքան էլ մոտիվացված չէ այդ հարցում: Նրա մոտիվացիայի պակասն այն է, ինչ հարկավոր է Ձեզ: Խոսեք Ձեր ընկերոջ հետ, օր պայմանավորվեք և միասին հաճախեք մարզասրահ: Դա շատ ավելի հետաքրքիր կլինի:

5. Հետևեք Ձեր առաջընթացին
Նպատակներին հասնելու համար պետք է ավելի իրատեսական լինել. Ի՞նչ արդյունքի կարող ենք հասնել մարզասրահ հաճախելուց մեկ ամիս անց: Եթե մարզվելու ընթացքում հասնեք Ձեր առաջին նպատակին, դա ավելի կոգևորի Ձեզ մարզասրահ հաճախելու հարցում:
6. Ինքներդ Ձեզ պարգևատրեք դա անելու համար
Ոչ ոք չի պատրաստվում Ձեզ պարգևատրել Ձեր կազմվածքի ֆիզիկական փոփոխությունների համար: Ուստի մի վախեցեք ինքներդ Ձեզ պարգևատրելուց: Օրինակ՝ պիցցայով պարգևատրումը այնքան էլ խելամիտ չի լինի, եթե Դուք առողջ ապրելակերպ եք վարում: Համեղ շոկոլադե կաթը շատ ավելի լավ տարբերակ է: Ժամանակի ընթացքում փոքրիկ պարգևատրումները Ձեր ուղեղին մոտիվացիա կհաղորդեն հաճույքով մարզասրահ այցելելու համար:



