Ներքաղաքական սահմանի ճակատագրական գիծը.«Ժամանակ»
POLITICS«Ժամանակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին, մարտի 14-ին խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ Մարտի 1-ի պատասխանատուն այդ օրվա իշխանությունն է:
Որեւէ կասկած չէր կարող լինել իհարկե, որ Մարտի 1-ի թեման լինելու է հարցերի շրջանակում հիմնականներից մեկը, որ քաղաքական գործունեության ընթացքում ամենից շատ կտրվի Վարդան Օսկանյանին, որն այդ օրը ըստ էության ստանձնել էր իշխանության խոսնակի դերակատարումը: Օսկանյանը այսօր հայտարարել է, որ, ի տարբերություն շատ գործիչների, ինքը համարձակություն է ունեցել տեսախցիկի առաջ կանգնել եւ իշխանություններին ու ընդդիմությանը կոչ անել խուսափել ընդհարումից:
Եվ այս տեսակետից, իսկապես, Վարդան Օսկանյանի նման համարձակությունը պետք է ողջունել, եթե դա համարձակություն էր եւ ոչ թե ընդամենը կատարված հրահանգ կամ ցուցում, որը իհարկե կարող էր ունենալ իր որոշակի հաշվարկը: Խնդիրն այն է, որ Մարտի 1-ի իրադարձությունները առավոտյան Ազատության հրապարակում ծեծուջարդից հետո զարգանում էին արդեն Մյասնիկյանի արձանի մոտ՝ մի քանի արտասահմանյան դեսպանատների հարեւանությամբ եւ, ըստ ամենայնի, եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունները շեշտը դնում էին արտաքին «քարտ-բլանշի» կամ «աջակցության» վրա այդ պահին, ինչով էլ կարող էր պայմանավորված լինել այն, որ եթե ընդդիմությունը կենտրոնացավ դեսպանատների հարեւանությամբ, իշխանություններն էլ հրապարակ հանեցին արտաքին գործերի նախարարին:
Այսուհանդերձ, Վարդան Օսկանյանի հայտարարությունն իհարկե Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական շրջանակի համար իհարկե եզակի անկեղծ եւ համարձակ թվացող հայտարարություն է՝ Մարտի 1-ի պատասխանատուն այդ օրվա իշխանությունն է:
Նման բան երեւի թե չի ասել այդ օրվա եւ այսօր էլ 99,99 տոկոսով պահպանված այդ իշխանության որեւէ մի ներկայացուցիչ: Սակայն շատ կարեւոր է շարունակությունը, որ ասում է նախկին արտգործնախարարը՝ «այդ օրվա իշխանությունը, որը չպետք է թույլ տար, որ այդպիսի բան լիներ»:
Սա առանցքաինն է Մարտի 1-ի հարցում: Այսինքն՝ իշխանության պատասխանատվությունն այն է, որ չի՞ կանխել Մարտի 1-ը, թե՞ որն իրականացրել է Մարտի 1:
Սա է սկզբունքայինը, եւ այս հարցում Վարդան Օսկանյանի հայտարարության շարունակությունը ըստ էության չեզոքացնում է նրա հայտարարության համարձակությունն ու անկեղծությունը: Բայց գլխավոր խնդիրը, իհարկե, այստեղ նրա համարձակությունը կամ անկեղծությունը չէ, գլխավոր խնդիրն այստեղ այն է, որ նմանօրինակ հայտարարությունները նպաստում են այն ընդհանրական գործընթացին, որի ամբողջ նպատակը հանրային գիտակցության մեջ Մարտի 1-ի պատասխանատվության լղոզումն է:
Սա, ըստ էության, աստիճանաբար դառնում է ոչ միայն նախկին ու ներկա ներիշխանական, այլ նաեւ ներքաղաքական յուրօրինակ կոնսենսուս, որտեղ նման լղոզումը իշխանություններին ազատում է պատասխանատվությունից՝ եւ՛ այդ օրվա, եւ՛ այս օրվա, իսկ քաղաքական մյուս ուժերին՝ իշխանությունների պատասխանատվությանը հասնելու պարտավորությունից:
Մարտի 1-ն այս առումով Հայաստանի ներքաղաքական կյանքում քաշված մի բավական խոշոր գիծ է, որն այդ դաշտի ահռելի մասը ըստ էության դրել է այդ գծից այն կողմ մնալու վտանգի առաջ, եւ զարմանալի չէ, որ այդ մեծ մասը համատեղ ջանքերով այս կամ այն կերպ լծվում է այդ գիծը լղոզելուն, քանի որ ջնջելն իհարկե անհնար է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



