Ինչպե՞ս ազատվել սխտորի հոտից
LIFEՍխտորը որոշ կերակրատեսակի «համ ու հոտ» է տալիս: Բայց այդ նույն հոտն այնուհետ երկար ժամանակ մնում է բերանում եւ մեծ դժվարությամբ հեռանում:
Սխտորի բաղադրիչներից մեկը` ալիլմեթիլային սուլֆիդը, դժվարամարս լինելու պատճառով, միայն շնչառության եւ քրտնարտադրության միջոցով է արտանետվում օրգանիզմից: Ամերիկացի գիտնականները փորձարկումներ են արել` պարզելու համար, թե ինչպես` որ ուտեստների օգնությամբ կարելի է տհաճ հոտից ազատվել, հաղորդում է Daily Mail-ը:
Հետազոտության կամավոր մասնակիցները մեծ քանակությամբ սխտոր եւ այնուհետ` տարբեր ուտելիքներ են փորձել` յուրաքանչյուր անգամ դրանց ազդեցությունը չափելով: Պարզվել է` կիտրոնի հյութը եւ անանուխը կարող են արդյունավետ պայքար մղել տհաճ հոտի դեմ:
Նշանակալի հաջողության կարելի է հասնել նաեւ կանաչ թեյի, սպանախի եւ մաղադանոսի օգնությամբ: Այդուհանդերձ, մրցույթի բացարձակ չեմպիոնը, զարմանալիորեն, խնձորն է ճանաչվել:
Բոլոր հիշյալ ուտեստները մեծ քանակությամբ պոլիֆենոլ են պարունակում, որի օգնությամբ սխտորի սուր բաղադրիչներն արագորեն քայքայվում են: Կիտրոնի պարագայում խնդիրը թթվայնության շնորհիվ է լուծվում: Այդուհանդերձ, լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում, որտեղ հնարավոր է, հակամիջոցները սխտորի հետ միասին ընդունել:
Գիտնականների պնդմամբ, բարձր յուղայնությամբ կաթը եւս օգտակար է` սխտորի տհաճ հետեւանքներից խուսափելու համար, քանի որ նվազեցնում է հոտի համար պատասխանատու տարրերի կենտրոնացման մակարդակը: Համենայն դեպս` 200 գրամի շնորհիվ ձեր շնչառությունը 50 տոկոսով թեթեւ կլինի:



