Հայ հայտնիները՝ «The Band»-ի տեսահոլովակի շնորհանդես-համերգին
LIFEBlognews.am-ը գրում է.
Երաժշտասերները երեկ հավաքվել էին «Կամի» ակումբում՝ մասնակցելու «The Band»-ի առաջին տեսահոլովակի շնորհանդես-համերգին։ Խումբը ներկայացրել է «Նարե, Նարե» ժողովրդական երգի և Բեյոնսեի «Beautiful Liar» ու «Naughty Girl» երգերի միքսի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

BlogNews-ի հետ զրույցում խմբի մենակատար Կարինե Առուստամյանը, ում հանդիսատեսը գիտի «Հայաստանի ձայնը» նախագծից, ասաց, որ իմաստը ոչ թե հայտնի երգերի միքս ներկայացնելն էր, այլ ժողովրդական երգերը նաև ակումբներում մատուցելը, որպեսզի երիտասարդությունը հաճախ լսի հայկական երաժշտություն։ «Հովսեփ Երեմյանի գաղափարով առաջին միքսն արեցինք, երբ աշխատանքային այցով Քաթարում էինք։ Բոլորս սիրեցինք այդ գաղափարը և հետագայում այն դարձավ նախագիծ։ Հաճելի էր, որ օտարերկրացիների մոտ նվագում էինք մեր հայկական երաժշտությունը և բոլորից տարբերվում էինք,- ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակի համար ընտրել են «Նարեն», քանի որ գաղափարը ծնվել է այդ ստեղծագործությոնից։ -«Նարեն» մեր առաջին միքսն էր, բացի այդ, բոլորը համատարած սիրեցին այս ստեղծագործությունը»։

Տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, պարը բեմադրել է Հովհաննես Սարգսյանը, հագուստի դիզայնով զբաղվել է Անուշ Հովհաննիսյանը, տղաների հագուստը տրամադրել է «Տերյան» մշակութային կենտրոնը։ Նկարահանումներն իրականացվել է «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանում: «Ի սկզբանե չգիտեի՝ Արսենն ինչ է ստանալու, սակայն շատ երջանիկ եմ, որ վստահեցի իրեն. յուրահատուկ, գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել։ 17 ժամ նկարահանում ենք արել, 60-ից ավելի մարդ է մասնացել. շատ հաճելի էր աշխատել նման կազմի հետ, քանի որ բոլորը պրոֆեսիոնալ էին»,- ասաց նա ու ավելացրեց, որ տեսահոլովակի հեռուստատեսային և ինտերնետային պրեմիերան կկայանա մի քանի օրից։

Շնորհանդեսն ուղեկցվեց «The Band»-ի համերգով, որի ժամանակ նրանք ներկայացրին «Էթնո-ֆանկ» էքսպերիմենտալ նախագիծը։ Կարինեն շեշտեց, որ ուշադիր են լինելու հեղինակային իրավունքների հանդեպ և յուրաքանաչյուր երգում նշելու են, թե որ երգի cover-ն են ներկայացրել, ով է հեղինակը։ Խումբն ունի նաև հեղինակային ստեղծագործություններ։ Ապրիլի 7-ին «The Band»-ը հանդես կգա համերգային ծրագրով, որի շրջանակներում Կարինեն առաջին անգամ կկատարի իր հեղինակային ստեղծագործությունը։ Առաջիկայում խմբի անդամներից 3-ը՝ Հովեսփ Երեմյանը, Կարենե Առուստամյանն ու Վիգեն Բալասանյանը կներկայացնեն իրենց անհատական ձայնասկավառակները։ «Այժմ ուզում ենք կենտրոնանալ նաև մեր անհատական երգերի վրա, սակայն ոչ խմբից առանձին։ Որպեսզի ակումբներից դուրս քեզ ճանաչեն ու հրավիրեն համերգների, շատ կարևոր է, որ իմանան քո երգացանկը։ Մի քանի ամսվա ընթացքում կլինեն մեր ձայնասկավառակները»,- ասաց նա ու հավելեց, որ գուցե առաձին սկավառակներ թողարկեն, գուցե մի ձայնասկավառակով թողարկեն երեքի աշխատանքները։




Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



