Կարեն Երիցյանին ձերբակալել են Լոռու մարզպետի որդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Կարեն Երիցյանը` Ալավերդի քաղաքի բնակիչ Լևոն Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը։ Նախնական քննության արդյունքներով՝ Լ.Նալբանդյանը նշված վնասվածքն ստացել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Կ.Երիցյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



