Ավետիսյանների փաստաբաններին դեռ չեն կանչել քննչական.Նյութերը թարգմանվում են
SOCIETYԳյումրիում սպանված Ավետիսյանների գործով փաստաբաններին դեռ չեն կանչել քննչական կոմիտեից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:
Նա նշեց որ տեղյակ են, որ գործը ՌԴ ՔԿ-ից ստացվել է, սակայն իրենց դեռ չեն կանչել քննչական: Փաստաբանի տեղեկություններով՝ այժմ գործի նյութերի թարգամանություններն են ընթանում, որպեսզի հետո ծանոթացնեն գործի նյութերին: Ինչ վերաբերում է սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, ապա նա գտնվում է ռուսական ռազմաբազայում:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: Փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը բողոքի ակցիայի ճնշման ներքո միջնորդությամբ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության դեպքով հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահներին փոխանցելու խնդրով:



